Jump to content

Համազասպ եպիսկոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համազասպ եպիսկոպոս /ծննդյան և մահվան թվականներն անհայտ են/, Ամբերդի թեմի և Հովհաննավանքի առաջնորդ, գործել է 1274-1304 թթ-ին, սերում է Դսեղի Համազասպյան-Մամիկոնյան գերդաստանից։

Համազասպյան-Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչ Համազասպ եպիսկոպոսի Արարատյան կողմնակալության հոգևոր կենտրոն Հովհաննավանքում պաշտոնավարելը պատահական չէ։ Դրան նպաստել է կողմնակալության տիրուհին՝ կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի կինը՝ Խորիշահ իշխանուհին։ 1220-ական թվականների կեսերին ամուսնանալով Քուրդ Ա-ի հետ նա Դսեղից Նիգ-Արագածոտն է եկել իր ծառաներով ու դայակներով։ Ամենայն հավանականությամբ 1230-ական թվականների վերջերին նա Դսեղից Նիգ-Արագածոտն է բերել իր եղբայրներից կամ հարազատներից մեկի որդուն՝ Համազասպին։ Մանուկ հասակից Համազասպը մտել է Հովհաննավանքի դպրանոց, պաշտոնավարել առաջնորդարանում, բարձրացել եկեղեցական աստիճանակարգով և արդեն 1274 թ-ին առաջին անգամ հիշվել Հովհաննավանքի առաջնորդ։ Եթե այդ թվականին նա լիներ մոտ 40 տարեկան, ապա ծնված պիտի լիներ 1230-ական թվականների կեսերին։ Համազասպ եպիսկոպոսի անունը վերջին անգամ հանդիպում է 1304 թ-ին Ուշիի Սուրբ Սարգիս զորավարի եկեղեցու գավթի բարավորի արձանագրությունում։ Այդ ժամանակ կամ գուցե մի փոքր ավելի ուշ նա վախճանվել է, քանի որ արդեն 1310 թ-ին ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում Հովհաննավանքի առաջնորդ է հիշվում Համազասպ եպիսկոպոսի ազգական Ներսես եպիսկոպոս Մամիկոնյանը։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազասպ եպիսկոպոսը Հովհաննավանքում նոր կառույցներ չի հիմնել, նպաստավորել է շինությունների պահպանման, նորոգման գործին։ Հովհաննավանքի պատերին փորագրված արձանագրություններից հայտնի է, որ նրա առաջնորդության տարիներին, 1274 թ-ին ոմն Հովհաննես նորոգել-փոխել է գավթի փայտյա հատակը և դասերը, 1279 թ-ին Վարդան և Մխիթար վարդապետները Հովհաննավանքի Սուրբ Կարապետ եկեղեցուն նվիրել են Կանթեղուտ գյուղը, մի հնձան և ոսկով պատած արծաթյա քշոց, 1283 թ-ին իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար, Հասան Վաչուտյանը եկեղեցուն նվիրել է երկու գյուղ, այգիներ, 1288 թ-ին Դրամիկը և իր դուստր Բաբաքը եկեղեցուն տվել են այլևայլ նվերներ, Ավագ պարոնի դուստր Ջանխաթունը նվիրել է կես այգի, 1300 թ-ին Հոնայի որդի հեճուպ Դավիթը եկեղեցուն տվել է այլևայլ նվերներ և Ավետիս անունով մի շինականի։

Ստացող` Համազասպ եպիսկոպոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու բարեշինության ուղղությամբ Համազասպ եպիսկոպոսի գործերից մեծագույնը, որով նա մտել է մշակույթի պատմության մեջ, ձեռագրերի ընդօրինակության սատարումն է։ Նա պատվիրել ու ստացել է "Ժողովածու' /սրա մեջ մտնում են "Պատմութիւն եկեղեցւոյ Սոկրատի", "Պատմութիւն վարուց Սուրբ Սեղբեստրոսի", "Պատմութիւն Աղուանից Մովսէս Կաղանկատուցւոյ" երկերը/, "Մեկնութիւն Յոհաննու", "Մեկնութիւն գործոցն առաքելոց Յոհաննու Ոսկեբերանի", "Պատմութիւն հայոց Ղևոնդայ վարդապետի", "Մեկնութիւն հնգամատենին Վարդանայ Արևելցւոյ", "Պատմութիւն Ագաթանգեղոսի", "Մեկնութիւն սաղմոսաց Ներսէսի Լամբրոնացւոյ" ձեռագրերը։ Այս յոթ գրքերն էլ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում։ Այս ձեռագրերն ընդօրինակել են Հովհաննավանքում գործած գրիչներ Կարապետը, Սարգիսը, Յոհաննեսը, Քահանան, Գրիգորը։ Իր պատվիրած բոլոր ձեռագրերը Համազասպ եպիսկոպոսը նվիրել է Հովհաննավանքին. "ի լուսաւորութիւն հաւատացելոց, և ի վարժումն մանկանց եկեղեցոյ": Համազասպ եպիսկոպոսը հոգ է տարել Հովհաննավանքի գրադարանի մասին, ձգտել է հաստատուն պահել միաբանությունը և դպրանոցը մոնղոլական տիրապետության այդ դժվարին ժամանակներում։ Համազասպ եպիսկոպոսի լավագույն բնութագիրը տվել է 1294 թ-ին ընդօրինակված "Մեկնութիւն սաղմոսաց Ներսէսի Լամբրոնացւոյ" ձեռագրի գրիչ Քահանան։ Նա գրել է. "...Յիշեսջիք զսրբազան եպիսկոպոսն Համազասպ` վերադիտող Սուրբ ուխտիս Յոհաննու վանաց, զի ստացավ գանձ և յիշատակ անջինջ ի մէջ սուրբ կաթուղիկէ եկեղեցոյ և բազմախումբ եղբարցս, զի ևս առաւել զարդարեաց զեկեղեցիս Հին և նոր կատարանաւք և այլ բազում շինուածքովք՝ պէսպէս և զանազան":

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Հայազն, Համազասպ Մամիկոնյան՝ առաջնորդ Հովհաննավանքի։ "Հոգևոր հայրենիք" /Հայաստանի Ազգային գրադարանի ամսաթերթ/, 2006 թ., թիվ 1 /22/, էջ 4-5։